Նախատեսվում է Ռուանդայում կառուցել խոշոր օդանավակայան, որը կօգնի ավելացնել զբոսաշրջիկների թիվը ոչ միայն այդ երկրում, այլեւ ամբողջ մայրցամաքում, տեղեկացրել է Տուրօպերատորների ասոցիացիան։

Ենթադրվում է, որ ավիահանգույցի կառուցմամբ կզբաղվի Qatar Airways ընկերությունը։ Այն կկարողանա ընդունել տարեկան 14 մլն ուղեւոր։ Օբյեկտի կառուցումը երկու մլրդ դոլար կարժենա։ Այն պետք է բացվի 2026թ.։

Նոր օդանավակայանից զբոսաշրջիկները կկարողանան թռչել առնվազն 65 ուղղություններով։ Այն կարող է նաեւ որպես հաբ օգտագործվել մայրցամաքի այլ երկրներ այցելությունների համար։ Այժմ ուղեւորները բավական հաճախ ստիպված են իջնել Եվրոպայում կամ Մերձավոր Արեւելքում, որպեսզի հետո հայտնվեն հարեւան աֆրիկյան երկրներում, բացատրել են ասոցիացիայի փորձագետները։

Մինչեւ համավարակը Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիի օդանավակայանը կարող էր ամեն տարի ընդունել մոտ մեկ միլիոն ճամփորդողների, դրա զարգացմանը խանգարում էին աշխարհագրական սահմանափակումները. այն գտնվում է ոչ մեծ բլրի գագաթին։