Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր կետի՝ Թեղենիս լեռան հարակից բնակավայրերի էկոհամակարգը վտանգված է։ Այս մասին NEWS.am-ին են ահազանգել տարածքի բնակավայրերի բնակիչները՝ իրենց մտահոգությունը հայտնելով կրաքարի հանքավայրի հնարավոր շահագործման վերաբերյալ։

Բանն այն է, որ այսօր՝ հուլիսի 24-ին Հրազդանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Սոլաքար» ՍՊԸ-ի կողմից Հրազդան համայնքի Սոլակ և Քաղսի բնակավայրերի տարածքում` Թեղենիսի մերգելային կրաքարերի երևակման տարածքում (293.29 հա), օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման վերաբերյալ հանրային քննարկման առաջին փուլը։

358331170_676843834286235_5599354928568065494_n (1).png (1.69 MB)

NEWS.am-ի տեղեկություններով՝ բուռն քննարկման արդյունքում  Սոլակ և Քաղսի գյուղերի բնակիչները միահամուռ դեմ են արտահայտվել տվյալ ընկերության կողմից երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու առաջարկին՝ բարձրաձայնելով հանքի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության ռիսկերի մասին։ Համաձայն հողամասի հատակագծի՝  Թեղենիսի մերգելային կրաքարերի երևակման 293.29 հա տարածքի մի մասը գյուղատնտեսական նշանակության հողեր են, ընդ որում՝  19,6 հա գտնվում է Քաղսի, իսկ 273, 69  հա՝ Սոլակ գյուղի տարածքում։ Ըստ արբանյակային լուսանկարների՝ տարածքի որոշ մասն էլ անտառածածկ տարածքներ են։

358716116_3511372762467533_3213614729021776931_n.png (86 KB)

Նշենք, որ Թեղենիսի մերգելային կրաքարերի երևակման տարածքի մոտ է գտնվում նաև Մայրավանք վանական համալիրը, որը հազարավոր զբոսաշրջիկների և հավատացյալների համար ուխտատեղի է հանդիսանում։ Մայրավանքը՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան, ընդգրկված է Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և պատկանում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն։

359801286_839855434405664_1961650760808471668_n.png (374 KB)

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ կրաքարի արդյունահանման նպատակ ունեցող «Սոլաքար» ՍՊԸ-ն հիմնադրվել է մեկ ամիս առաջ։ Ընկերության միակ սեփականատերը Արմեն Մկրտչյանն է։