ԱՄՆ-ն կարծում է, որ Ուկրաինային տրամադրել է անհրաժեշտ ամեն ինչ հակահարձակման համար եւ մտադիր է առաջիկա օրերին հայտարարել նոր օգնության մասին։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Մեր կարծիքով՝ Ուկրաինան ունի ամեն ինչ այս հակահարձակումն իրականացնելու համար։ Մենք նրան տրամադրել ենք ռազմական սարքավորումների վիթխարի ծավալներ Եվրոպայում եւ ամբողջ աշխարհում մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ միասին»,- ասել է նա ԶԼՄ-ների համար կազմակերպված ճեպազրույցում։
Հայտարարությունը հնչել է տեղի ԶԼՄ-ներում ուկրաինական հակահարձակման դանդաղման մասին բազմաթիվ հրապարակումների եւ ուկրաինացի ղեկավարների արտահայտությունների ֆոնին, որոնք իրենց խնդիրները բացատրում են արեւմտյան զենքի մատակարարումների անբավարար տեմպերով եւ ծավալներով։
«Դուք կարող եք առաջիկա օրերին սպասել նոր ռազմական օգնության մասին հայտարարության»,- ասել է Միլլերը։





























