Սլովակիայում ստեղծվել է ծայրահեղ իրավիճակ դեղերի մատակարարման ոլորտում, առավել վտանգված են դիաբետ, հիպերտոնիա ունեցողները եւ նրանք, ովքեր տառապում են սիրտ-անոթային հիվանդություններից, տեղեկացրել է idnes.cz լրատվական պորտալը։

Մոտ 5,5 մլն բնակչություն ունեցող հանրապետությունում, մասնավորապես, չկան ինսուլին, եւ սիրտ-անոթային հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցներ։ Դեղատների աշխատակիցները հավաստիացնում են, որ նման իրավիճակ Սլովակիայում դեռ չէր եղել։

Ինչպես նշել է պորտալը, իրավիճակը հատկապես անհանգստացնող է օնկոլոգիական հիվանդների, դիաբետ, հիպերտոնիա եւ սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։ Դժվարությունները Սլովակիայում սկսվել են համավարկի ժամանակվանից։ Դրա ավարտից հետո անցել է ավելի քան մեկ տարի, բայց դրությունը դեպի լավը չի փոխվել։

Իրավիճակից տուժում են նաեւ երեխաները։ Դեղատներում չկան, մասնավորապես, հակաբիոտիկներ անչափահասների բուժման համար։ Դեֆիցիտ դեղերի ցանկում հայտնվել են ականջի եւ աչքի կաթիլները։

Փորձագետները ստեղծված իրավիճակը բացատրում են նրանով, որ Սլովակիայում դեղերն այժմ ամենաէժաններից են Եվրոպայի երկրներում։ Դրանց արտադրության նվազման պայմաններում, գնաճի եւ էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաեւ հանրապետական շուկայի պետական կարգավորման ֆոնին, դեղագործական ընկերությունները, առաջնորդվելով շահույթ ստանալու շահերով, իրականացնում են մատակարարումներ այն երկրներ, որտեղ իրենց ավելի շատ են վճարում, եւ ոչ թե Սլովակիա։