Շոտլանդիայի ոստիկանությունը հետաձգել է տարածաշրջանի ազգային իրավապահ ծառայության բոլոր աշխատակիցների համար մորուքներն ու բեղերը սափրելու պարտադիր պահանջի կատարումը։ Sky News-ի փոխանցմամբ՝ դրա պատճառը նոր նորմերին չհամաձայնող ոստիկանների ներկայացրած բազմաթիվ բողոքներն են։
Ի սկզբանե Շոտլանդիայում բեղ-մորուքի արգելքը պետք է ուժի մեջ մտներ մայիսի վերջին։ Այս քայլը հիմնավորվել է անձնական պաշտպանիչ դիմակներ կրելու սանիտարական պահանջներով։ Նման անձնական պաշտպանիչ սարքավորումներն ամենաարդյունավետն են, եթե մարդը մաքուր սափրված է: Նախատեսվում էր բացառություններ անել միայն կրոնական, մշակութային կամ բժշկական նկատառումներով։
Սակայն այն բանից հետո, երբ ոստիկանության վարչության քարտուղարությունը «հեղեղվեց բողոքներով», նորամուծությունը հետաձգվեց մի քանի շաբաթով, իսկ այժմ այս հարցին անդրադարձ կլինի միայն մեկ տարի անց։
«Մենք հետաձգել ենք նոր կանոնների ներդրումը, որոշելով լրացուցիչ խորհուրդներ ստանալ առողջության և անվտանգության վերաբերյալ այն բանից հետո, երբ կարդանք մեր աշխատակիցների պատմությունները», - ասվում է ոստիկանության պետի օգնական Ալան Սփիրսի հայտարարության մեջ: «Կատարված աշխատանքի քննարկում կլինի 12 ամսից՝ ապահովելու համար, որպեսզի հասնենք համաձայնեցված դիրքորոշման»:
Շոտլանդիայի ոստիկանությունն ունի ավելի քան 16,6 հազար աշխատակից։ Այն Մեծ Բրիտանիայի երկրորդ խոշորագույն իրավապահ մարմինն է՝ զիջելով միայն Լոնդոնի ոստիկանական ծառայությանը:



























