Սթրեսային իրավիճակը Սպիտակ տանը կարող էր ազդել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գերմանական հովվաշան՝ Կոմանդերի վարքի վրա, որը կծել է Գաղտնի ծառայության աշխատակիցներին։ Այս մասին երեքշաբթի ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարին Ժան-Պիեռը։

«Սպիտակ տան շենքերի համալիրը, ինչպես գիտեք, կարող է լինել շատ առանձնահատուկ եւ սթրեսային տեղ։ Եվ դա, ես համոզված եմ, դուք բոլորդ հասկանում եք։ Դա սթրես է բոլորիս համար, այնպես որ դուք կարող եք պատկերացնել, թե ինչ է դա նշանակում ընտանի կենդանու եւ, ավելի լայն իմաստով՝ ընտանի կենդանիների համար»,- ասել է նա։

Ժան-Պիեռի խոսքով՝ Բայդենների ընտանիքը ջանում է «բարելավել իրավիճակը բոլորի համար»։ Առաջին տիկին Ջիլ Բայդենի գրասենյակի հայտարարությունում, որը մեջբերել է մամուլի քարտուղարը, նշվել է, որ նախագահի ընտանիքը եւ Գաղտնի ծառայությունը «մշակել են լրացուցիչ միջոցներ եւ մարզումներ կենդանու համար՝ թոկի օգտագործմամբ», ինչպես նաեւ  «հատուկ գոտիներ են առանձնացրել, որպեսզի Կոմանդերը վազի եւ վարժանքներ անի»։ Ժան-Պիեռը ավելացրել է, որ «որեւէ տեղեկություն չունի շան գտնվելու տեղի փոփոխության մասին»։

Ավելի վաղ ամերիկյան Judicial Watch պահպանողական հասարակական կազմակերպությունը տեղեկացրել էր, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունից ստացել է տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շունը՝ գերմանական հովվաշուն Կոմանդերը, 10 հարձակում է գործել Գաղտնի ծառայության աշխատակիցների վրա։ Կազմակերպության տվյալներով՝ նախարարության ուղարկած փաստաթղթերը ներառում են 2022թ. հոկտեմբեր-2023թ. հունվար ժամանակաշրջանը եւ «չեն ներառում շան ագրեսիայի հնարավոր՝ «վերջին շրջանի դրսեւորումները»։