Հնդկաստանը վարում է առյուծների եւ դելֆինների պոպուլյացիաների պահպանման նոր նախագծեր գործարկելու աշխատանք։ Այս մասին տեղեկացրել է հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդին՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով ուրբաթ բացելով Քսանյակի խմբի (G20) շրջակա միջավայրի եւ կլիմայի հարցերի վերաբերյալ նախարարական հանդիպումը։
Նա հիշեցրել է, որ Հնդկաստանը վերջերս սկսել է միջազգային «Մեծ կատուների պահպանման դաշինք» նախագիծը։ «Այն ստեղծվել է մեր փորձի հիման վրա, որը ձեռք ենք բերել վագրի պահպանման նորարարական նախաձեռնության՝ Project Tiger իրականացման ժամանակ։ Այդ նախագծի արդյունքում պարզվել է, որ վագրերի 70 տոկոսն ամբողջ աշխարհում ապրում է Հնդկաստանում»,- ասել է Մոդին։
«Ներկայում մենք աշխատում ենք նաեւ առյուծների եւ դելֆինների պահպանման համանման նախագծերի՝ Project Lion-ի եւ Project Dolphin-ի ուղղությամբ»,- ասել է Մոդին։ Նա ընդգծել է, որ «Հնդկաստանը կենսաբանական բազմազանության պաշտպանության եւ հարստացման առաջնագծում է»։
«Նախարարական հանդիպումը ուրբաթ տեղի է ունեցել հնդկական Չեննաի (Թամիլանդի նահանգ) քաղաքում։ Հանդիպման մասնակիցներն աշխատել են գլոբալ որոշումների ընդունման ուղղությամբ, որոնք կարող էին օգնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարին եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսին են հողերի դեգրադացման կանխումը, կենսաբազմազանության պահպանումը եւ էկոհամակարգերի վերականգնման արագացումը, Համաշխարհային օվկիանոսի ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը եւ այլ խնդիրներ։ G20-ի նախարարական հանդիպման արդյունքներով կընդունվի ամփոփիչ փաստաթուղթ, որի դրույթները կմտնեն «քսանյակի» ղեկավարների սեպտեմբերի 9-10-ին կայանալիք G20-ի գագաթաժողովի հռչակագիր։



























