Ռոք երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր, թատրոնի եւ կինոյի ռեժիսոր Գարիկ Սուկաչովը հոսպիտալացվել է առողջական վիճակի վատթարացման պատճառով, նրա համերգը Կարելիայում չեղարկվել է։ Այս մասին տեղեկացվել է երաժշտի «ВКонтакте»-ի պաշտոնական էջում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Իգոր Իվանովիչի առողջության վատացման եւ հոսպիտալացման հետ կապված՝ համերգը Ռուսկեալայում, Խուտոր Յոլկիում տեղի կունենա անսպասելի՝ «Ժողովրդական կարաոկեի» ձեւաչափով։ <...> Հարգանքով՝ Գարիկ Սուկաչովի թիմ»,- նշվել է հրապարակման մեջ։
ՏԱՍՍ-ը Սուկաչովի մամուլի ծառայությունից հետաքրքրվել է պատահածի մասին։ Ինչպես նշվել է երաժշտի էջում, դա «Գարիկ Սուկաչովի պաշտոնական տեղեկատվական օգտահաշիվն է»։ Հուլիսի 28-ին այստեղ տեղադրվել էր տեղեկություն, որ հուլիսի 29-ին սպասվում է ռոք երաժշտի համերգը Կարելիայում։
Իգոր (Գարիկ) Սուկաչովը ծնվել է 1959թ. դեկտեմբերի 1-ին Մոսկվայի մարզի Մյակինինո գյուղում (այժմ՝ Մոսկվայի կազմում)։ Նա երաժշտական կարիերան սկսել է «Արեւամուտ ձեռքով» («Закат Солнца вручную») եւ «Պոստսկրիպտում» խմբերի կազմում, վերջինը նրա հեռանալուց հետո վերանվանվել է «Բրավո»։ 1986թ. Սերգեյ Գալանինի հետ միասին ստեղծել է «Բրիգադա Ս» խումբը, որը գոյություն է ունեցել մինչեւ 1994թ.։ Երաժիշտների նոր կազմով Սուկաչովը հավաքել է «Անձեռնմխելիները» («Неприкасаемые») խումբը։ 2013թ. հայտարարվել է դրա փակման մասին։ Սուկաչովն ստացել է ռեժիսորական կրթություն եւ ունի հեղինակային եւ ռեժիսորական աշխատանքներ կինոյում։ Մասնավորապես, նա սեփական սցենարներով նկարահանել է «Տոն» («Праздник») եւ «Արեւի տունը» («Дом Солнца») ֆիլմերը։





























