Եկատերինբուրգի կենդանաբանական այգում այցելուների գործողությունների պատճառով սատկել է Մոնետկա սիրամարգը։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին փոխանցել է հաստատության մամուլի ծառայությունը։
«Մահվան պատճառը ստամոսքի արնահոսությունն էր, որն առաջ էր եկել օտարածին առարկաներից։ Թռչնի ստամոքսում մետաղադրամներ կային, բանկաների կափարիչներ, պղնձալարեր, այլ տեսակի աղբ։ Վիրահատությունն օգնել չէր կարողացել։ Եվս մեկ էգ սիրամարգ նման ախտորոշմամբ վիրահատությունից հետո ծանր վիճակում է»,- նշվել է հրապարակման մեջ։
Կենդանաբանական այգում ասել են, որ այցելուները վանդակ են նետել աղբ եւ մետաղադրամներ։ Բացի այդ, հաճախակի են դարձել դեպքերը, երբ մարդիկ հարվածում են ազատավանդակներին, բղավում, ուտելիք եւ տարբեր տեսակի մանր ոչ ուտելի առարկաներ են նետում՝ չնայած երկու շերտ պատնեշներին։ «Սիրամարգերի նկատմամբ առհասարակ սարսափելի բաներ են կատարվում։ Այցելուները ոչ միայն աղբ են նետում վանդակ, այլեւ քշում են թռչուններին եւ քաշելով պոկում նրանց փետուրները»,- նշել են հաստատությունում։





























