Արեւի տաճարի այգին, որը հայտնի է որպես Ժիտան, գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում, Չաոյան շրջանում (ֆոտոռեպորտաժ)։
Ժիտան այգին գտնվում է Պեկինի կենտրոնում եւ Չինաստանի պահպանվող հուշարձաններից մեկն է։ 20 հեկտար տարածքը գտնվում է կլոր կառույցի շուրջ, որը հնում ծառայել է որպես արեւի երկրպագության ծիսավայր։ Տաճարը կառուցվել է 1530թ. Մին հարստության ժամանակ։
Այգին, ինչպես եւ Չինաստանի բոլոր այգիները, ստեղծվել է քառակուսի տարբերակով, հանգստի եւ զբոսանքների գոտի է՝ չորս մուտքերով։ Նշենք, որ Արեւի տաճարը չինական տիեզերաբանության չորս տաճարներից մեկն է, որոնք գտնվում են Պեկինում, վերոնշյալից բացի՝ Չինաստանի մայրաքաղաքի տարբեր մասերում են գտնվում Լուսնի տաճարը, Երկնքի տաճարը եւ Երկրի տաճարը։
Առաջինը, որ աչքի է զարնում այգի մտնելիս, ծառերի քանակն է, որոնց վրա փակցված են տարբեր գույների ցուցանակներ։ Դրանք նշում են ծառի համարը ընդհանուր էլեկտրոնային քարտադարանում, ինչպես նաեւ նրա տարիքը, որը, որքան էլ տարօրինակ է լսել, չի կարելի հատել կամ կտրել, քանի որ Չինաստանն արդեն մի քանի տարի կանաչ բնապահպանության ուղեգիծ է որդեգրել եւ խստորեն հետեւում է իր կանաչ ֆոնդին՝ մշտապես տնկելով ամբողջ անտառներ մեգապոլիսների շուրջ, ինչպես նաեւ քարոզելով էլեկտրատրանսպորտի զանգվածային օգտագործումը։
Երկրորդը, ինչին կարելի է անմիջապես ուաշդրություն դարձնել, ցուցանակների քանակն է չինարեն եւ անգլերեն լեզուներով, որոնք այգու այցելուներին հուշում են, թե ինչը որտեղ է գտնվում, ինչ ուղղությամբ գնալ, որ կանաչ գոտիներում կարելի է զբոսնել եւ որտեղ չի կարելի ոտք դնել։
Երեւանի՝ այս ամենից անտեղյակ բնակչի համար անսովոր կլինի գիտակցել, որ քաղաքի կենտրոնը կարող է կլանված չլինել չդադարող կառուցումների բետոնի փոշով, որ, պարզվում է, հիվանդ ծառերը կարելի է չկտրել, այլ պատվաստել եւ բուժել, որ կարելի է մայրաքաղաքում ունենալ նման կանաչ այգի անվճար մուտքով, որը բաց է առավոտյան ժամը վեցից մինչեւ երեկոյան ութը, եւ որտեղ զբաղվում են սպորտով, պարում են, երգում, նկարում կամ պարզապես նստում ու հանգստանում՝ վայելելով գեղեցկությունն ու կարգուկանոնը։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի




























