«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» կարգախոսով անցկացվող համաքաղաքային բակային մարզական փառատոնի արդյունքներով արդեն երկրորդ տարին անընդմեջ հաղթող է ճանաչվել մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն ավանդական դարձած փառատոնին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների թիմերն իրենց ուժերն են չափել ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, ձեռքի գնդակի եւ հեծանվավազքի մրցումներում, ինչպես նաեւ իրենց մարզական գիտելիքներն են չափել առանձին մարզատրամաբանական մրցույթում:
Շնորհավորելով հաղթողներին եւ նրանց հանձնելով փոխանցիկ գավաթը` Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն ընդգծել է նման փառատոնի անցկացման կարեւորությունը ոչ միայն մատաղ սերնդի ֆիզիկական, այլեւ բարոյահոգեբանական դաստիարակության գործում: «Փաստը, որ տարեցտարի ավելի ու ավելի շատ պատանիներ ու աղջիկներ են մասնակցում փառատոնին` վկայությունն է, որ աստիճանաբար վերականգնվում են մեր մայրաքաղաքի մարզական լավագույն ավանդույթները»,-նշել է Տարոն Մարգարյանը:
Ի դեպ, նախօրեին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կայացած միջբակային ֆուտբոլի առաջնության եզրափակիչում էլ հաղթող է ճանաչվել Ծերենց թաղամասի թիմը: Հատկանշական է, որ վարչական շրջանի ֆուտբոլի հավաքականն այս տարի հաղթող է ճանաչվել Անդրանիկ Մարգարյանի գավաթի խաղարկությունում եւ հոկտեմբերի 12–ին էլ, արդեն հանրապետական եզրափակիչում, Արմավիրի մարզի հաղթող թիմի հետ կվիճարկի տվյալ մրցաշարի սուպեր գավաթը:



























