«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հոկտեմբերի 6-ին. ներմուծել է դանիական հանրահայտ Flexim մակնիշի վերջին սերնդի արտադրություն մի քանի հոսքաչափ` արդիականացնելով համակարգում կիրառվող չափիչ սարքավորումները:

«Երեւան Ջուր» ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նոր հոսքաչափերի միջոցով միաժամանակ չափվում են խողովակով հոսող ջրի քանակը տարբեր պարամետրերով` լ/վ կամ մ3 եւ ջրի ջերմաստիճանը: Բացի այդ, այն կատարում է ջրի ճնշումը չափող սարքի` լոգերի գործառույթ եւ հավաքագրում մի քանի օրվա տվյալներ:

Նոր հոսքաչափերը օգնում են ջրամատակարարման բաշխիչ ցանցի գոտիավորմամբ զբաղվող մասնագիտացված խմբերին ուսումնասիրել ջրագծերը, ըստ մտնող ջրաքանակի, ավելի արագ հայտնաբերել գաղտնի վթարները եւ, ամենակարեւորը, սեղմ ժամկետներում կարգավորել առկա խնդիրները: Այսպիսով, հնարավոր է օրվա ընթացքում 1-ի փոխարեն վերացնել 3-4 վթար, ինչպես նաեւ նվազեցնել վթարավերականգնողական աշխատանքների տեւողությունը: Ըստ նախնական փորձագիտական հաշվարկների, այն կնվազի մոտ մեկ ժամով եւ կկազմի միջինը 11 ժամ:

Ի դեպ, նշենք` տարածաշրջանում գործող ջրամատակարար կազմակերպություններից «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն առաջինն է կիրառւմ Flexim մակնիշի հոսքաչափեր: