Շիրակի մարզում, հոկտեմբերի 9-ին, ԱԻՆ փրկարար վարչությունը հրդեհի բռնկման  3 ահազանգ է ստացել, որից երկուսը` գյուղական համայնքներից, մեկը` Գյումրիից: Գյումրիում` Գորկիի-67 հասցեի շենքում, նախնական տեղեկությունների համաձայն, հրդեհն սկսվել է շենքի նկուղից, որից հետո կրակն ու ծուխը տարածվել են բնակարաններով: Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության եւ մարզային հրդեհային տեսչության ներկայացուցիչներ: Տեսչության գլխավոր մասնագետ Արսեն Թորայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեռեւս հստակ ասել, թե ինչից կարող էր առաջանալ հրդեհը, դժվար է, քանի որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, պարզելու հրդեհի ծագման պատճառները: Ամենայն հավանականությամբ, շենքի նկուղում առաջացած հրդեհը, ծխախոտի հետեւանքով է տարածվել, մասնագետները չեն ցանկացել ավելին հայտնել` չբացառելով, մարդկային գործոնի դերակատարությունը:

Նշենք, որ Գորկիի 67 շենքը կառուցվել է 40- ական թվականներին, ներկայումս այն չորրորդ աստիճանի վթարայնության է, բնակիչների խոսքով` շենքի նկուղում բռնկված հրդեհը, հարեւանությամբ գտնվող բաշխիչ ենթակայանի կարճ միացման հետեւանքով է եղել: Ծուխն արագությամբ տարածվել է բնակարաններով, խոչընդոտելով փրկարարների աշխատանքներին, իսկ շենքի երրորդ հարկում բնակվողներին բնակարանից դուրս են բերել վարչության աշխատակիցները: Հետաքննությունը կշարունակվի  մի քանի օր եւս, որից հետո պարզ կդառնա հրդեհի առաջացման պատճառը: Բարեբախտաբար վնասը միայն նյութական է եղել: Իսկ շենքի բնակիչները պատրաստվում են դիմում նամակ ուղարկել «էլեկտրացանցեր ՓԲԸ», որպեսզի բաշխիչ ցանցը տեղադրեն մեկ այլ վայրում: