Երեւանում հաշվառված սոցիալապես անապահով ընտանիքներից 200-ը, որոնք ունեն մանկահասակ երեխաներ, անապահով ընտանիքների աջակցության հերթական ակցիայի շրջանակում ստացել են մանուկներին անհրաժեշտ պարագաներ եւ ծածկոցներ: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ակցիան Երեւանի քաղաքապետարանի եւ Հանրապետական կուսակցության համատեղ իրականացրած միջոցառումներից է: «Ընդ որում` հատկանշական է, որ մեր համատեղ միջոցառումները ուղղված են ոչ միայն անապահով ընտանիքների մանկահասակ երեխաների, այլեւ մայրաքաղաքում բնակվող ծերերի, հաշմանդամների եւ ընդհանրապես կարիքավոր ընտանիքների օժանդակությանը»,– նշել է Երեւանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն` հավելելով, որ նման միջոցառումները եւ, ընդհանրապես, սոցիալական ծրագրերը Երեւանի քաղաքապետի մշտական ուշադրության կենտրոնում են: