Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում, որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը 19.32-ի դրությամբ, դուրս է բերվել եւս մեկ մեքենա` «ՎԱԶ 21011» մակնիշի 10 ՏԼ 801 համարանիշի սպիտակ մարդատար ավտոմեքենան:

Նախքան այդ, փրկարարներն այսօր` հոկտեմբերի 10-ին, ժամը 10.28-ին, հողազանգվածից դուրս էին բերել անհետ կորածների ցուցակում նշվող Երեւանի բնակիչներ, Սորսումատյան եղբայրների` «Մերսեդես C 220» մակնիշի 27 ՕՍ 939 համարանիշի սեւ մարդատար ավտոմեքենան, որում  հայտնաբերվել է 2 դի:

Ավտոմեքենայում գտնվել են 38-ամյա Արմեն եւ 47-ամյա Մեխակ Սորսումատյան եղբայրների դիերը:

Մինչ օրս փրկարարները ՀՀ ՊՆ ուղղաթիռի եւ քարշակի, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղու» շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս են բերել տարբեր մակնիշի ու բեռնատարողության 26 ավտոմեքենա:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք:  130 մ երկարությամբ եւ 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի: Հողազանգվածի տակ է մնացել տարբեր մակնիշի եւ բեռնատարողության շուրջ 35 ավտոմեքենա:

Այս պահին անհայտ կորած է համարվում 3 մարդ.  Լճկաձոր գյուղի բնակիչ, 72-ամյա Նորիկ Միրզոյանը, Վրաստանի քաղաքացի, 19-ամյա Արթուր Գուգենի Հակոբյանը, Վրաստանի քաղաքացի, 62-ամյա Գուրգեն Մովսեսի Հակոբյանը: