Արարատ քաղաքում, սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած զարհուրելի սպանությունից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն սեփական երեխաներին սպանած Ռոզա Ալոյանի դատահոգեբուժական եզրակացությունը առ այսօր պատրաստ չէ: Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դատահոգեբուժական փորձաքննությունը դեռ չի ավարտվել, եզրակացությունը դեռ չկա:

Ռոզա Ալոյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» հոգեբուժարանում, եւ նրա փորձաքննությամբ զբաղվում է ոչ թե ոստիկանությունը, այլ դատական հոգեբույժները, եւ ոստիկանությունը տեղյակ չէ եզրակացության ուշացման պատճառների մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ռոզա Ալոյանը հոգեբուժարանում մեկ անգամ ինքնասպանության փորձ է կատարել, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը: Նա ներկայումս գտնվում է բժիշկների խիստ վերահսկողության ներքո, եւ արվում է ամեն ինչ` նրան ինքնավնասելու հնարավորությունից զրկելու համար:

Նշենք, որ Արարատի մարզի 34-ամյա բնակչուհի Ռոզա Հակոբի Ալոյանը սեպտեմբերի 6-ին կախելու միջոցով սպանել էր իր երեխաներին` 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին:

Նախաքննությամբ պարզվել էր, որ Ռոզա Ալոյանը, սեպտեմբերի 6-ին` առավոտյան, երեխաների հետ գնացել է խանութ, առեւտուր արել, ապա վերադարձել տուն եւ կերակրել նրանց: Մոր ներկայացրած պատճառաբանությամբ, ինքը միայնակ զգալով եւ իր կյանքը համարելով ավարտված, որոշել է խեղդամահ անել երեխաներին, ապա վերջ տալ նաեւ իր կյանքին:

Այդ նպատակով նույն օրը՝ ժամը 12-ի սահմաններում, նա իրեն պատկանող շարֆը կապելով խոհանոցի դռան վերեւում գտնվող ջրատար խողովակին, դրա վրա արել է հանգույց  եւ ավագ որդուն` Վարդան Ալոյանին կախելով այդ հանգույցից` խեղդամահ է արել:

Այնուհետեւ խոհանոցի պատին ամրացված կախիչից ամրացնելով  սավանից պատրաստված մեկ այլ օղակ` դրանից կախել եւ խեղդամահ է արել նաեւ կրտսեր որդուն: Այս ամենից հետո երեխաների դիակները տեղափոխել է մահճակալի վրա, պառկել նրանց կողքին, սավանը փաթաթել իր պարանոցին եւ փորձել իրեն խեղդելով կյանքին վերջ տալ, սակայն չի կատարել իր  մտադրությունը:

Երեխաներին վերմակով ծածկել է  եւ տանից հեռացել` ավտոբուսով մեկնելով Երեւան: Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանները հայտնաբերել են երեխաների դիակները, ապա ձերբակալել էին Ռոզա Ալոյանին: