«Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ Թրաստ Մենեջմենթը» սկսել է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի գործունեության արդիականացման նոր փուլը: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին «Հայփոստի» մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայփոստ»-ի թիվ 0017 փոստային բաժանմունքի վերաբացման պաշտոնական արարողությունը:

Արարողությանը բացման խոսքում «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը նշել է, որ Սարի թաղի թիվ 17 բաժանմունքի վերաբացումով սկսվում է «Հայփոստ մարաթոն 2011» ծրագրի ավարտական փուլը: «Մինչեւ տարեվերջ մենք եւս 49 այսպիսի բացում ենք անելու ինչպես Երեւանում, այնպես էլ` հանրապետության մարզերում։ Արդեն մեկնարկել է «Հայփոստ»-ի բաժանմունքների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հիմնավոր ծրագիր, որի հետեւանքներն առաջիկայում կզգան «Հայփոստ»-ի բոլոր այցելուներն ու հաճախորդները»,-ասել է նա:

Նշենք, որ բաժանմունքը ամբողջությամբ նորոգվել եւ նոր բրենդին է համապատասխանեցվել բաժանմունքը, նորացվել են աշխատանքային ստանդարտները, փոխվել եւ նորացվել են ենթակառույցները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ, նորացվել է մալուխային համակարգը։

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ը մտադիր է Հայաստանում զարգացնել ավանդական փոստային ծառայությունները, ներդնել ավելի ժամանակակից սուրհանդակային եւ ֆինանսական ծառայություններ` «Հայփոստ»-ը դարձնելով ազգային առաջատար փոստային օպերատոր տարածաշրջանում: