Իտալիայի առափնյա պահպանությունը կիրակի հայտնել է, որ երկու դիակ է հայտնաբերել և փրկել 57 գաղթյալի հարավային Լամպեդուզա կղզու մոտ, իսկ շուրջ 30 մարդ անհետ կորել է երկու նավաբեկության հետևանքով:
Լամպեդուզայից հարավ շաբաթօրյա փրկարարական գործողությունները «բարդ էին», - տեղեկացրել է առափնյա պահպանությունը՝ հաստատելով լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, որ գաղթյալներով երկու խորտակված նավերը հավանաբար նավարկել են Սֆաքսից՝ Թունիսում միգրացիոն ճգնաժամի թեժ կետից:
Ըստ առափնյա պահպանության, երկու զոհերը կին և երեխա են եղել: Իտալական Ansa լրատվական գործակալությունը ավելի վաղ նրանց ներկայացրել էր որպես մայր և մեկ տարեկան երեխա Կոտ-դ՛Իվուարից:
Ansa-ն նաև հայտնել է, որ առաջին նավի վրա եղել է 48, իսկ երկրորդում՝ 42 մարդ, փրկվածներին և դիակները վերցրել են Լամպեդուզայից 46 կմ հարավ-արևմուտքից:
Նավաբեկությունները տեղի են ունեցել փոթորկոտ ծովում։
Ավելի քան 2000 մարդ է վերջին մի քանի օրվա ընթացքում ժամանել Լամպեդուզա՝ կղզու շուրջ ուժեղ քամիների պայմաններում իտալական պարեկային նավերի և հասարակական կազմակերպությունների կողմից ծովում փրկվելուց հետո:





























