Հունաստանի հրշեջները պայքարում են 63 անտառային հրդեհների դեմ, որոնք երկրում բռնկվել են վերջին 24 ժամվա ընթացքում։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է հրշեջ ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Հունաստանում 63 անտառային հրդեհ է գրանցվել։ Ծայրահեղ էքստրեմալ եղանակային պայմաններում, հիմնականում փոթորկոտ քամիների պատճառով, հսկայական ջանքեր են գործադրվել մարելու հրդեհները, որոնք միաժամանակ բռնկվել են երկրի շատ շրջաններում»,- ասել է Արտոպիոսը։
Ըստ նրա, օգոստոսի 19-ից հնարավոր չի եղել հանգցնել ուժեղ հրդեհը, որը շարունակվում է երկրի հյուսիսարևելքում՝ Ալեքսանդրուպոլիսի արվարձաններում։ Երեք օրվա ընթացքում այնտեղ տարհանվել են 13 բնակավայրերի բնակիչներ։ Օգոստոսի 21-ի երեկոյան Ալեքսանդրուպոլիսի հիվանդանոցում նախազգուշական տարհանում է սկսվել։ Երկուշաբթի հզոր հրդեհներ են բռնկվել Հունաստանի հյուսիսարևելյան Կավալա և Ռոդոպի շրջաններում, Բեոտիայի կենտրոնական շրջանում, ինչպես նաև Էվբեա կղզում և Պելոպոնես թերակղզու Ահայա շրջանում։
Հունաստան է վերադարձել ծայրահեղ շոգ եղանակը. Ջերմաչափի սանդղակը Աթենքում օգոստոսի 21-ին ստվերում հասել է 35 աստիճան Ցելսիուսի։ Մինչև օգոստոսի 26-ը հանրապետությունում ջերմաստիճանը տեղ-տեղ կհասնի 40 աստիճանի։




























