«Բարգավաճ Հայաստանը» բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայացրած հիմնավորումներով եւ չի պահանջելու նրա հրաժարականը: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Հայացք» ակումբում հայտարարեց, թե «ԲՀԿ-ն որպես կոալիցիոն գործընկեր, ունի իր սկզբունքային դիրքորոշումը ԼՂ հարցում»: Մեկնաբանելով Մադրիդյան սկզբունքները, Գալստյանը պատասխանեց. «2007-ից շրջանառվող հնեցված տարբերակի մասին անգամ մենք ոչինչ չգիտենք, նորացված տարբերակի մասին խոսք լինել չ կարող: Ինտերնետային աղբյուրները մեզ համար հավաստի լինել չեն կարող: Մեզ համար սկզբունքայինը եղել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եւ ես կարծում եմ, որ նախագահների հանդիպումը միտված է ԼՂՀ միջազգային ճանաչմանը»: Երբ լրագրողները Գալստյանին հիշեցրին, որ Մադրիդյան սկզբունքները կան, այն էլ ինտերնետում, ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակը պատասխանեց. «Դրանք ինֆորմացիոն արտահոսքեր են, եւ պատմության ընթացքում բազմիցս ապացուցվել են, որ արտահոսքերը երբեմն ապատեղեկատվություն են»: ԲՀԿ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, թե իրենք որեւէ հիմք չունեն արտգործանարարի հրաժարականը պահանջելու, քանի որ նա երեք կարեւոր դրույթ է նշել՝ անվտանգությա երաշխիքներ, ցամաքային սահման եւ ԼՂ կարգավիճակի առաջնայնություն: «ԱԳ նախարարի ասածը մեզ համար բավարար է»,- նկատեց Գալստյանը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին, Խաչիկ Գալստյանը նկատեց, որ կողմերը փորձում են մաքսիմալ զիջումներ կորզել: «Եւ վերջին պահին, երբ կթվա, թե վերջն է, կտեսնենք, որ առաջընթաց կա»,- ասաց Խ. Գալստյանը:



























