Թուրքիան և Սաուդյան Արաբիան բնական պաշարների զարգացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը, ի թիվս այլ բաների, նախատեսում է երկու երկրների համատեղ աշխատանքը հողմային և արևային էներգիայի նախագծերի իրականացման ուղղությամբ, ասել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության ղեկավար Ալփարսլան Բայրաքթարը։

«Այսօր մեզ [նախարարություն] այցելեց Սաուդյան Արաբիայի արդյունաբերության և հանքային պաշարների նախարարը [Բանդար իբն Իբրահիմ ալ-Հուրայֆը], ում հետ ստորագրեցինք բնական ռեսուրսների զարգացման ոլորտում համագործակցության վերաբերյալ կարևոր համաձայնագիր»,- ասել է թուրք նախարարը TRT հեռուստաալիքի եթերում։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրներն էլ կսկսեն այն իրականացնել որքան հնարավոր է շուտ։

Նա հավելել է, որ համաձայնագիրը ստորագրվել է հուլիսին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայության ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների լույսի ներքո։ Բայրաքթարի խոսքով՝ հանրապետությունը Սաուդյան Արաբիայի և Կատարի հետ ստորագրել է 50 մլրդ դոլարի համաձայնագրեր, որից 29 մլրդ դոլարը էներգետիկ ոլորտում է։ «Մենք անհամբեր սպասում ենք վերականգնվող էներգետիկայի ոլորտում նոր համաձայնագրերի»,- ասել է Բայրաքթարը՝ հավելելով, որ ներդրումների մասին կոնկրետ տեղեկություններ կհայտնվեն առաջիկա օրերին։