Միացյալ Թագավորության պաշտպանության նոր նախարար Գրանտ Շափսը անվտանգության նկատառումներից ելնելով չի օգտագործի չինական TikTok սոցիալական ցանցը անձնական սմարթֆոնի վրա։ Այս մասին հայտնում է Daily Express թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Մարտի 16-ին Լանկաստերի դքսության կանցլեր Օլիվեր Դաուդենը, ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելք է սահմանում ծառայողական բջջային սարքերում պաշտոնյաների կողմից TikTok-ի օգտագործման վրա: Նա նշել է, որ հավելվածը կարող է պահել և փոխանցել օգտատերերի անձնական տվյալները երրորդ կողմին՝ ներառյալ նրանց կոնտակտները և աշխարհագրական դիրքը: Դաուդենն ընդգծել է, որ արգելքի մասին որոշումը կայացվել է բրիտանական հետախուզական գերատեսչությունների առաջարկությունների հիման վրա։ Միաժամանակ նա պարզաբանել է, որ այս որոշումը վերաբերում է միայն պաշտոնյաների աշխատանքային հեռախոսներին եւ չի տարածվում նրանց անձնական սմարթֆոնների վրա։
Շափսը հայտարարել է, որ չի ջնջի իր հաշիվը սոցցանցում։ Նա նշել է, որ TikTok-ն իրեն օգնում է կապ հաստատել Մեծ Բրիտանիայի երիտասարդների հետ։ Միևնույն ժամանակ, Շափսի ներկայացուցիչները (նա այդ ժամանակ զբաղեցնում էր էներգետիկայի և ածխածնային չեզոքության նախարարի պաշտոնը), ընդգծել են, որ 54-ամյա քաղաքական գործիչը երբեք հավելված չի մտել աշխատանքային հեռախոսով։
Daily Express-ը պարզել է, որ TikTok-ը ներկայումս բեռնված չէ Շափսի անձնական հեռախոսում։ «Ծանոթ լինելով անվտանգության ռիսկերին՝ նա հավելվածը չի տեղադրել իր հեռախոսում։ Հաշիվը կառավարվում է իր ընտրատարածքի թիմի միջոցով»,- ասել է նախարարի ներկայացուցիչը։





























