«Նախագահին կթողնե՞ն Եվրոպա, թե՞ ոչ թեմային առնչվող այս բոլոր խոսակցությունները օլիգարխի բեմադրած պիես է, ոչ ավելին։ Սրանք խաղանենգի քայլեր են, որոնք ծառայում են ուշադրությունը հիմնական թեմաներից շեղելուն։ Այս մասին Facebook-ում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա կանխատեսմամբ, աշնանը պետք է ակնկալել նոր քաղաքական նախագծով արևմտամետ ձայները «քամելու» փորձ, «որը Իվանիշվիլիի համար կդառնա Վրաստանին վերջնականապես ստրկացնելու հերթական գործիքը», հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։ Միաժամանակ Սաակաշվիլին գրում է, որ վստահ է, որ ընտրողները թույլ չեն տա իրենց խաբել։
«Ավելին, միջազգային մասշտաբով տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում մեր վերջնական ազատագրման ուղղությամբ։ Այժմ գլխավորը մեր միասնությունն ու ուժն է»,- ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ:





























