Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի օրը, ըստ երևույթին, մեղքը բարդել է իր բարձրաստիճան դիվանագետի վրա՝ Լիբիայի արտաքին գործերի նախարարի հետ գաղտնի հանդիպման հրապարակման համար, որը բուռն արձագանք է առաջացրել Տրիպոլիում, հաղորդում է Reuters-ը:

Օգոստոսի 26-ին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի գրասենյակը տեղեկատվություն է հրապարակել այս ամսվա սկզբին Իտալիայում իր լիբիացի գործընկեր Նաջլա Մանգուշի հետ իր հանդիպման մասին: Այս հայտարարությունը հաջորդել է հանդիպման մասին իսրայելական լրատվամիջոցների հայտարարությանը:

Այս լուրը բողոքի ցույցեր է առաջացրել Լիբիայում, որը չի ճանաչում Իսրայելը և որտեղ ուժեղ են պաղեստինամետ տրամադրությունները, և առիթ է տվել  վարչապետ Աբդուլհամիդ ալ-Դբեյբային հեռացնել Մանգուշին:

«Ես հրահանգ եմ տվել մեր կառավարության բոլոր նախարարներին, որ նման հանդիպումները պետք է նախապես համաձայնեցվեն իմ գրասենյակի հետ, և, իհարկե, դրանց հրապարակումը ևս պետք է նախապես համաձայնեցվի իմ գրասենյակի հետ», - ասել է Նաթանյահուն Կիպրոսի ANT1 հեռուստաալիքի  հարցազրույցում։ 

Վերլուծաբաններն ասում են, որ Դբեյբան և Լիբիայի այլ առաջնորդներ փորձել են կապեր հաստատել Իսրայելի հետ՝ հույս ունենալով, որ Միացյալ Նահանգները, որն առաջնահերթություն է համարում արաբական երկրների հարաբերությունների կարգավորումն Իսրայելի հետ, կաջակցի նրանց Լիբիայի ներքաղաքական վեճերում:

Իսրայելն, իր հերթին, ցանկանում է զուսպ բանակցություններ վարել արաբ և մահմեդական հավանական գործընկերների հետ՝ հույս ունենալով, որ դրանք կվերածվեն լիարժեք կապերի: Նեթանյահուն ANT1 հեռուստաալիքին տված հարցազրույցում Քոհենի և Մանգուշի հանդիպման կազմակերպումն անվանել է «բացառություն կանոնից»։