Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կիրակի հայտարարել է, որ ցանկանում է, որ Թել Ավիվում դաժան բախումներին մասնակցած Էրիթրեացի բոլոր ներգաղթյալներն անհապաղ արտաքսվեն և կարգադրել է ծրագիր մշակել երկրից բոլոր աֆրիկացի ներգաղթյալներին արտաքսելու համար, հաղորդում է Associated Press-ը:
Այս հայտարարությունները հնչել են Թել Ավիվի հարավում հակառակորդ Էրիթրեական խմբերի արյունալի բողոքի ցույցերից մեկ օր անց, որոնց հետևանքով տուժել է մոտ 100 մարդ:
«Մենք ցանկանում ենք կոշտ գործողություններ ընդդեմ անկարգությունների մասնակիցների, ներառյալ նրանց անհապաղ արտաքսումը», - ասել է Նաթանյահուն նախարարների հատուկ հանդիպմանը, որը հրավիրվել էր բռնության հետևանքների դեմ պայքարելու համար: Նա նախարարներից պահանջել է իրեն ներկայացնել «բոլոր մյուս անօրինական ներթափանցողներին վտարելու» ծրագրերը և իր ելույթում նշել, որ Գերագույն դատարանը չեղյալ է համարել ներգաղթյալներին հեռանալ հարկադրելու որոշ միջոցներ:
Միջազգային իրավունքի համաձայն, Իսրայելը չի կարող ներգաղթյալներին բռնի ուժով հետ ուղարկել մի երկիր, որտեղ նրանց կյանքը կամ ազատությունը կարող է վտանգված լինել։
Նաթանյահուն կիրակի ասել է, որ չի կարծում, որ Էրիթրեայի կառավարության կողմնակիցների արտաքսումը խնդիր կդառնա։
Իսրայելում ապրում է մոտ 25 000 աֆրիկացի ներգաղթյալ, հիմնականում Սուդանից և Էրիթրեայից, որոնք պնդում են, որ փախել են հակամարտությունից կամ բռնաճնշումներից: Իսրայելը շատ քչերին է ճանաչում որպես ապաստան հայցողների՝ նրանց ճնշող մեծամասնությանը վերաբերվելով որպես տնտեսական ներգաղթյալների և ասում, որ իրավական պարտավորություններ չունի նրանց պահելու:
Երկիրը փորձել է տարբեր մարտավարություններ, որպեսզի ստիպի նրանց հեռանալ երկրից, այդ թվում՝ ոմանց ուղարկել է հեռավոր բանտեր, պահել նրանց աշխատավարձի մի մասը այնքան ժամանակ, մինչև նրանք կհամաձայնեն լքել երկիրը, կամ առաջարկել է կանխիկ վճարումներ նրանց, ովքեր համաձայնվել են տեղափոխվել Աֆրիկայի որևէ այլ երկիր։





























