Գործարար Իգոր Կոլոմոյսկին, ով կասկածվում է խարդախության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի օրինականացման մեջ, հետաքննության նյութերում ներկայացվում է որպես Իսրայելի և Կիպրոսի քաղաքացի։ Այս մասին Ֆեյսբուքում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն, տեղեկացնում է «Ուկրաինսկայա պրավդան»։
«Հետաքննության նյութերում Կոլոմոյսկին ներկայացված է որպես Իսրայելի և Կիպրոսի քաղաքացի։ Սա ոչնչացնում է տարածված կեղծ պատմությունն այն մասին, որ Կոլոմոյսկին չի զրկվել Ուկրաինայի քաղաքացիությունից և, իբր, չի արտահանձնվի Միացյալ Նահանգներին», - ասել է նա:
Լեշչենկոն հրապարակել է Կոլոմոյսկուն կասկածի մասին ծանուցման փաստաթղթի մի մասը, որտեղ նա նշված է հենց որպես Իսրայելի և Կիպրոսի քաղաքացի և զրկված է Ուկրաինայի քաղաքացիությունից։
Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդականը նաև հայտնել է, որ Կոլոմոյսկուն ԱՄՆ արտահանձնելու մասին հարցումներ Ուկրաինան չի ստացել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ուկրաինսկայա պրավդան», Կիևի Շևչենկովսկի շրջանային դատարանը օլիգարխ Իգոր Կոլոմոյսկուն որպես խափանման միջոց է ընտրել 60 օր ժամկետով կալանքը՝ գրեթե 510 միլիոն գրիվնայի չափով գրավի հնարավորությամբ։
Իգոր Կոլոմոյսկին նախկինում եղել է Ukrnafta և Ukrtatnafta ընկերությունների համասեփականատերը, սակայն 2022 թվականի նոյեմբերին դրանք ազգայնացվել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դա բացատրել է «պաշտպանության ոլորտի հրատապ կարիքները ապահովելու» անհրաժեշտությամբ։ Ազգայնացումից հետո Կոլոմոյսկին դադարել է դոլարային միլիարդատեր լինելուց, գրում է ուկրաինական Forbes-ը։





























