Նիգերիան դիտարկում է խոշոր տնտեսությունների G20 բլոկին միանալու հայտ ներկայացնելու հնարավորությունը այն բանից հետո, երբ կավարտվեն ռիսկերի և օգուտների վերաբերյալ խորհրդակցությունները, ասել է նախագահի խոսնակ Աջուրի Նգելալեն, հաղորդում է Reuters-ը։

Նախագահ Բոլա Թինուբուն վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով երկուշաբթի օրը կմեկնի Նյու Դելի՝  Հնդկաստանում մասնակցելու G20-ի գագաթնաժողովին, ասել է Աջուրի Նգելալեն:

«Թեև Նիգերիայի G-20-ին անդամակցությունը ցանկալի է, կառավարությունը լայն խորհրդակցություններ է սկսել՝ որոշելու անդամակցության օգուտներն ու ռիսկերը», - ասել է Նգելալեն:

Ըստ նրա,  Թինուբուի ներկայությունը մասամբ նպաստել է Նիգերիայի՝ կազմակերպությանն անդամակցելու նպատակին։

Ուրբաթ օրը Նգելալեն ասել էր, որ Թինուբուն կմասնակցի G20 գագաթնաժողովին, որպեսզի փորձի օտարերկրյա ներդրումներ ներգրավել Նիգերիա և մոբիլիզացնել համաշխարհային կապիտալը ենթակառուցվածքի զարգացման համար:

Նիգերիայի նոր կառավարությունը ցանկանում է խրախուսել ներդրումները, այլ ոչ թե աշխատատեղեր ստեղծելու համար ապավինել փոխառություններին, քանի որ այն փորձում է աշխուժացնել տնտեսությունը, որը պայքարում է ռեկորդային պարտքի, թույլ արժույթի, երկնիշ գնաճի և էներգիայի սուղ պաշարների դեմ: