Լոռիի մարզում, հոկտեմբերի 13-ի առավոտյան, մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Համբարձումյան 13 շենքի տանիքից մետաղյա թիթեղներ են թափվել ներքեւ, բնակիչներից մեկին հասցնելով խոշոր չափի նյութական վնաս:
Մարզային փրկարար վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, մայոր Սեյրան Խաչատրյանի գլխավորությամբ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ քամու պայմաններում շենքի տանիքում «Նիրվան» ՍՊԸ-ն կատարել է վերանորոգման աշխատանքներ, որի ժամանակ տանիքում գտնվող թիթեղները թափվել են ներքեւ, բակում կայանած Opel Omega մակնիշի 21 ՏՕ 420 համարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ այդ, թիթեղները նախ ընկել են շենքը սնուցող էլեկտրական հոսանքի լարերի վրա, ինչի հետեւանքով նվազել է հարվածի ուժգնությունն ու մեքենան շատ չի տուժել: Մեքենայի սեփականատիրոջ` Մարտիկ Տեր-Ստեփանյանի խոսքով, ինքը մոտ 200 հազար դրամի նյութական վնաս է կրել: «Ժամը 11-ից ուժեղ քամի էր, դուրս եկա, որ մեքենաս անվտանգ տեղ քաշեմ, մեկ էլ ավտոյի դռանը չհասած տեսա, որ վերեւից էդ թիթեղների կույտը ցած է թափվում: հազիվ հասցրեցի ինձ գցել շքամուտք, որ չվնասվեմ: Թիթեղներն ընկան մեքենայիս վրա, դրանից հետո մի քանի թիթեղ էլ բակի մյուս կողմն ընկան»,-պատմում է մեքենայի սեփականատերը:
Մայոր Խաչատրյանի խոսքով, եթե դեպքի պահին բակում մարդիկ կամ երեխաներ լինեին, անդառնալի հետեւանքներից հնարավոր չէր լինի խուսափել: Մետաղյա թիթեղներն ընկել են էլեկտրական լարերի, ինչպես նաեւ գազատար խողովակների վրա, ինչը կարող էր նաեւ հրդեհի պատճառ դառնալ:




























