Մարտիրոս գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 07։45-ին, ծխացող օջախներ չկան. այրվում է մոտ 48 հա խոտածածկույթ:

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, 5 փրկարարական ծառայող և Մարտիրոսի հրշեջ-կամավորական խմբից 3 կամավոր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 11։08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտիրոս գյուղում այրվում է խոտածածկույթ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու խումբ և փրկարարական ուժերի վարչության Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի խումբը։

Դեպի Մարտիրոս և Խնձորուտ բնակավայրեր հրդեհի տարածումը կանխվել է, իրականացվել հրդեհաշիջում Փոռ և Զառիթափ բնակավայրերի ուղղությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու ժամանակ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Հենրիկի Գասպարյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են Վայքի բուժկենտրոն։ Փ/ծ փոխգնդապետ Արմեն Գասպարյանը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս վատացել է փոխգնդապետ Արմեն Գասպարյանի ինքնազգացողությունը. նա մահացել է