Մոտ օրերս Վրաստանի իշխանությունները ակնկալում են ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցը՝  հանրապետությանը ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ 12 հանձնարարականների կատարման հարցի քննարկման համար։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին,տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կատարում  և արդեն կատարել ենք բոլոր 12 հանձնարարականները։ Անում ենք առավելագույնը։ Մենք մշտական ​​շփում ունենք եվրոպացի գործընկերների հետ։ Մի քանի օրից  սպասում ենք պարոն Բորելին, որին ևս մեկ անգամ կփոխանցենք թարմացված տեղեկատվություն այն մասին, թե ինչպես է ընթանում  12 առաջարկությունների իրականացման գործընթացը»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԵՄ ղեկավարությունն ավելի քան բավարար փաստարկներ ունի՝ երկրին Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ տալու համար։

2022 թվականի հունիսին Եվրամիության ղեկավարները Մոլդովային և Ուկրաինային դաշինքին միանալու թեկնածուի կարգավիճակ են շնորհել։ Նրանք ընդունել են Վրաստանի եվրոպական հեռանկարը, ինչպես նաև պատրաստակամություն են հայտնել 12 պայմանների կատարումից հետո նրան տալ թեկնածուի կարգավիճակ։ 2023 թվականի վերջին Վրաստանը սպասում է ԵՄ հաջորդ որոշմանը՝ իրեն թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։