Երեւանի ավագանու ընտրություններն ունեն արտաքին քաղաքական բաղադրիչ, փորձ է արվում մեր ներքին քաղաքական կյանքի վրա ազդելու, այդ թվում ուժային եւ այլ մեթոդներով, այդ թվում 5-րդ շարասյունային: Այս մասին Հանրայինի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

«Կար ժամանակ, որ ես մտածում էի, որ ընդդիմությունն իրեն այսպես է պահում, որովհետեւ կարոտել են թալանը եւ նորից իշխանություն են ուզում, բայց հիմա  ես հիմա սկսել եմ կասկածել, որ դա է ամբողջ մոտիվը: Հայաստանի անվտանգային համակարգի, ինքնիշխանության, անկախության դեմ հիբրիդային հարձակումներ են են տեղի ունենում, որոնք կարող են դրսեւորվել մեր սահմաններին, դրսեւորվել Երեւանի տարբեր հրապարակներում, նաեւ քարոզարշավի ժամանակ:

Արտաքին ուժերը, որոնք չեն ուզում՝ Հայաստանը լինի անվտանգ միջավայրում եւ զարգանա, ուզում են քաոս ստեղծել Հայաստանի ներսում, այս ընտրությունները փորձում են դրա համար օգտագործել: Ինձ համար բացարձակ պատահական չէ, որովհետեւ երբ մի բն մի քանի անգամ տեղի է ունենում եւ մի քանի բան համընկնում է, սկսում ես հետեւություններ անել: Պատահական չէ ոչ ընդդիմության հանրահավաքը, ոչ Ադրբեջանի հարձակումը, պատահական չէ, որ դա տեղի է ունենում ընտրությունների ընթացքում»,-ասաց Ռուբինյանը:

Նա հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող 14 ուժերի մեծ մասը, բացառություններով, այս տրամաբանության մեջ են:

Հարցին, թե արդյոք Հայկ Մարությանն այդ տրամաբանության մեջ է, Ռուբինյանը դրական պատասխան տվեց. «Պարոն Մարությանը 2018-ին եկել ու դարձել է ՔՊ անդամ, հետո առաջադրվել է կուսակցության ներսում որպես ապագա թեկնածու, ժողովուրդը մեզ ձայն տալով նրան ընտրել է քաղաքապետ: Մարությանն աշխատել է քաղաքապետ, չի լքել ՔՊ-ն, քննադատությամբ հանդես չի եկել, չի ասել, որ ՔՊ-ն դավաճանել է հեղափոխության արժեքներին, բայց մեկ էլ հանկարծ 2020-ի պատերազմի ավարտից հետո, երբ կրկին նույն տրամաբանությամբ հարձակում էր գնում բոլոր պետական եւ ժողովրդավարական ինտիտուտների դեմ, այդ նույն օրերին, երբ Արարատ Միրզոյանին փորձում էին սպանել, պարոն Մարությանը դիմում էր գրում ՔՊ կուսակցություն դուրս գալու համար:

Երբ պարոն Մարությանն ասում է՝ ՔՊ-ն սեփականաշնորհել է հեղափոխությունը, ինձ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե պարոն Մարությանը համարում է, որ ինքը հեղափոխության փայատեր է եւ չպետք է ՔՊ-ն հեղափոխությունը սեփականաշնորհի, ինչու տեր չէր կանգնում հեղափոխությանը 2020-ի նոյեմբերի 9-ին, երբ Արարատ Միրզոյանին սպանում էին:2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ, երբ բոլոր այն ուժերը, որոնց ինքը այն ժամանակ անվանում էր սեւ, փորձում էին հեղափոխության արժեքները հետ պտտել, ինչու տեր չէր կանգնում հեղափոխությանը: Ինչո՞ւ էր նա միայնակ թողել հեղափոխության արժեքները, ժողովրդավարությունը, պետական ինտիտուտները, ՀՀ ինքնիշխանությունը:

Կարո՞ղ եմ ես ենթադրել, որ Մարությանն ինչ-որ կետում մտածել է, որ թերեւս իշխանությունը փլուզվում է, եւ մտածել է, որ գալու են այլ ուժեր եւ ինքը ոչ միայն չի ցանկացել մնալ փլատակների տակ, այլ նաեւ փորձել է տեղավորվել իր պատկերացրած ապագա համակարգում, ինչպես ինքը կասեր՝ սեւ համակարգում»,-ասաց Ռուբինյանը: Անդրադառնալով նրան, որ Հայ Մարությանը պարբերաբար կրկնում է, որ ՔՊ-ի հետ կոալիցիա չի կազմելու, ԱԺ փոխնախագահն ասաց. «Ինձ մոտ դա թողնում է տպավորություն, որ ինքը անընդհատ վերահաստատում է իր պարտնյորներին, որ ես էս գծի մեջ եմ: Մի կողմ թողնենք այն փաստը, որ ՔՊ-ն չի էլ ուզում կոալիցիա կազմել եւ վստահ եմ, որ դրա կարիքը չի էլ լինի»,- նշել է Ռուբեն Ռուբինյանը: