Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Վլադիմիր Պուտինը կարող են նոր հանդիպում ունենալ՝ ՄԱԿ-ում Թուրքիայի նախագահի շփումներից հետո, որտեղ սեպտեմբերի 19-25-ին կայանալու է կազմակերպության Գերագույն վեհաժողովի բարձրամակարդակ շաբաթը։ Այս մասին տեղեկացրել է կառավարամերձ Hürriyet թերթը։

Էրդողանը դրական է վերաբերվել սեպտեմբերի 4-ին Սոչիում կայացած բանակցություններում Պուտինի արած առաջարկին՝ Աֆրիկայի աղքատ երկրներին 1 մլն տոննա ցորեն մատակարարելու մասին։ «Պուտինի ասածներից մենք եզրակացրինք, որ հացահատիկի միջանցքի վերաբերյալ բանակցությունները դեռ որոշ ժամանակ կտեւեն։ Երկու ղեկավարները կարող են նորից հանդիպել ՄԱԿ-ում Էրդողանի շփումներից հետո»,- գրել է Թուրքիայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած պարբերականի մեկնաբան Աբդուլքադիր Սելվին։

«Էրդողանը շատ հստակ խոսել է հացահատիկի միջանցքի մասին։ Նա նշել է, որ հույս ունի, որ [հացահատիկի գործարքի վերսկսման]՝ ՄԱԿ-ի հետ միասին պատրաստված առաջարկների փաթեթը հաջողություն կունենա»,- գրել է Hürriyet-ի մեկնաբանը։

Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել է տեղի դիվանագիտական աղբյուրը, Թուրքիան առաջիկա օրերին ՄԱԿ-ին կտեղեկացնի Սոչիում սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերականգնման վերաբերյալ երկու երկրների նախագահների բանակցությունների արդյունքների մասին։