ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների ժամանակ ցանկացել են ստուգել պայմանավորվածությունների ընթացքը, եւ այդ նպատակը կատարված է։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ սկզբից եւեթ նախատեսված չէր ինչ-որ փաստաթղթերի ստորագրում, տեղեկացրել է «Российская газета»-ն։
«Երեկվա հիմնական նպատակը մեր երկկողմ հարաբերությունների շատ հարուստ համալիրի ստուգումն էր, ինչպես նաեւ մտքերի փոխանակումը հայտնի տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ եւ դիրքորոշումները միմյանց ներկայացնելը, ինչպես ասում են, առաջին ձեռքից»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա տեղեկացրել է, որ արդյունքում շատ կառուցողական եւ արդյունավետ բանակցություններ են տեղի ունեցել։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը կայացել է երեկ Սոչիում, եւ քննարկվող թեմաներից մեկը եղել է հացահատիկի գործարքի ճակատագիրը։ Պեսկովը նշել է, որ պայմանավորվածությունների ձեռքբերումը հանդիպման արդյունքներով, մասնավորապես, «հացահատիկի գործարքի» հարցով, հազիվ թե հնարավոր լիներ։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ դա բազմակողմ գործընթաց է, իսկ հավաքական Արեւմուտքը հրաժարվում է կատարել այդ գործարքի պայմանները։





























