Երևանում, և ոչ միայն Երևանում, ահազանգում են տարածվող թմրամոլության դեպքերի մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Պատմությունները, որոնք մենք լսում ենք հատկապես դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողներից, ուղղակի սահմռկեցուցիչ են։
Մարդիկ անհանգիստ են, որովհետև երեխա են ուղարկում դպրոց, ուսանող՝ ԲՈՒՀ-եր։
Արդեն ակնհայտ է, որ Հայաստանում թմրամիջոցների օգտագործման ու տարածման դեմ պայքարը բավարար արդյունավետ չի իրականացվում:
Թմրանյութերի որոշ տեսակներ հասանելի են անգամ դպրոցահասակ երեխաների համար:
Ավելին, արդեն իսկ հաստատված է, որ թմրանյութերի վաճառքով զբաղվողները հենց դպրոցականներին են թիրախավորում:
Թմրանյութերը հասել են դպրոցներ, բակեր։
Ի հեճուկս նրա, որ այս մասին պարբերաբար բարձրաձայնվում է և ծնողների կողմից, և մամուլի հրապարակումներում, իրավապահ համակարգը չի կարողանում արդյունավետ պայքարել այս վտանգի դեմ կամ չի ուզում:
Եթե վերհիշենք նաև իշխանության ներկայացուցիչների հրապարակային ձևակերպումներն ու վերաբերմունքը թմրամիջոցների օգտագործմանը, ակնհայտ է դառնում, որ այս իշխանությունը մտադիր չէ պայքարել այդ կործանարար աղետի դեմ:
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ ազգաբնակչության շրջանում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տարեցտարի աճում է:
Վերջին տասը տարում Հայաստանում այն գրեթե եռապատկվել է:
Եվ սա՝ միայն գրանցված տվյալներով: Պետությունը պարտավոր է համակարգված պայքարել թմրամիջոցների շրջանառության դեմ` խստագույն կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելով հատկապես ուսումնական հաստատություններում:
Հրապարակային որևէ խոսքում, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, թմրամիջոցների օգտագործումն անգամ անուղղակի խրախուսող խոսքը, ակնարկը պետք է արժանանան ամենախիստ պատժի:
Ու սա միայն իրավապահների տիրույթում չէ, նրանք միայնակ ոչինչ չեն կարողանալու անել, եթե չլինեն պետական հստակ քաղաքականություն, քաղաքային և համայնքային ղեկավարության աչալուրջ, հասուն և գործուն մոտեցում, հանրային պահանջ։
Չենք կարող թողնել, որ այս աղետը մտնի մարդկանց տներ։
Սա ազգային անվտանգության հարց է, և իմ կողմից գործադրելու եմ առավելագույն ջանքեր՝ այս աղետը դեռահասներից հեռու պահելու հարցում»։





























