ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գրենլանդիայում պատրաստվում են սկսել նավթի, գազի և օգտակար հանածոների հանքավայրերի լայնածավալ հետախուզումն ու շահագործումը։ Դրա մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ չհստակեցնելով նախատեսվող աշխատանքների ժամկետներն ու մանրամասները։

Ըստ Թրամփի՝ որոշ փորձագետներ կարծում են, որ կղզում հեշտ հասանելի նավթի պաշարները կարող են գերազանցել աշխարհի գրեթե ցանկացած այլ տարածքի ռեսուրսները։

Թրամփը միաժամանակ ընդգծել է Գրենլանդիայի ռազմավարական նշանակությունը ԱՄՆ պաշտպանության համար։ Ըստ նրա՝ կղզին Վաշինգտոնին ապահովում է դիտարկման և հնարավոր սպառնալիքների, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքերի ու հրթիռների, վաղ հայտնաբերման եզակի հնարավորություններով։

Հայտարարությունը հնչել է կղզում ամերիկյան ռազմական և պաշտպանական ներկայության ընդլայնման վերաբերյալ ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի միջև համաձայնագրի կնքումից ավելի քան չորս շաբաթ անց, գրում է CBS News-ը։

Փաստաթուղթը նախատեսում է Պիտուֆֆիկ գործող տիեզերական բազայի ընդլայնում և Նարսարսուակի ու Մեստերսվիգի շրջաններում լրացուցիչ ռազմական օբյեկտների ստեղծման հնարավորություն։

Համաձայնագիրը միաժամանակ նախատեսում է համագործակցություն օգտակար հանածոների ոլորտում, սակայն դրանում ռեսուրսների արդյունահանման կոնկրետ նախագծեր նկարագրված չեն։ Փաստաթուղթը չունի սահմանված գործողության ժամկետ և սահմանափակում է կղզում ռազմական բազաների տեղակայման հնարավորությունը ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրների համար՝ առանց համաձայնագրի մասնակիցների համաձայնության։

Գրենլանդիան ունի զգալի, սակայն անբավարար ուսումնասիրված հանքային ռեսուրսներ։ Սակայն, ինչպես նշում են ոլորտային փորձագետները, հանքավայրերի շահագործման բարձր արժեքը մինչ այժմ խոչընդոտել է դրանցից շատերի արդյունահանումը մասնավոր ընկերությունների համար տնտեսապես շահավետ դարձնելուն։

Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիայի ռազմավարական կարևորության մասին և ավելի վաղ չի բացառել կղզին Դանիայից գնելու կամ ռազմական ուժի կիրառմամբ Գրենլանդիայի նկատմամբ ամերիկյան վերահսկողություն հաստատելու հնարավորությունը։