2023 թվականի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում խաղող մթերողների սուբսիդավորման արդյունքում մթերման նվազագույն գինը 110 դրամից նվազելու է մի դեպքում 80 դրամի, մյուս դեպքում 60 դրամի: Այս մասին կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում հայտարարեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:

Նշենք, որ այդ միջոցառումներով նախատեսված է, որ 5 հազար տոննայից ավելի խաղող մթերողների համար պետությունը ամեն մեկ կգ խաղողի դիմաց կսուբսիդավորի 30 դրամ, իսկ 10 հազար տոննան գերազանցողների դեպքում՝ 50 դրամ:

«Այսինքն հավելյալ սուբսիդավորումը ոչ թե գնալու է գյուղացուն, ոչ թե խաղողի ինքնարժեքն ենք բարձրացնելու եւ դարձնենք 140 համ 160 դրամ, այլ տնտեսվարող սուբյեկտին ենք սուբսիդավորելու, որից մթերքի ինքնարշեքն է ընկնելու: Մտահոգություն կա, որ փոքր տնտեսվարողները այս պարագայում էլ ավելի դժվար մրցակցության մեջ են գտնվելու, քանի որ փաստացի նրանց համար խաղողի մթերման գինը 110 դրամ է լինելու»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ փոքր տնտեսվարողներին աջակցելով ոչ մի տնտեսական էֆեկտ չենք ստացել. «Փոքրն էլ թող ներդրում անի մեծանա, մեր խնդիրը  գյուղացու խաղողը մթերելն է: Մեր շահառուն գյուղացին է, մենք ուզում ենք՝ գյուղացին գոնե 110 դրամով կարողանա խաղող մթերել: Ձեր ասած փոքրերը վիճակագրական շեղում է մեր ծրագրի մեջ: Մենք մեղավո՞ր ենք, որ ինքը փոքր է, խանգարել ենք, որ ինքը մեծանա՞: Ի՞նչ անենք, ի՞նչ առաջարկ ունեք»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ այն բոկլոր ծրագրերը, որոնք միտված են եղել փոքր տնտեսվարողներին, բոլորը ձախողվել են»: