Երբ դիվանագիտությունը լռում է, կրակում են թնդանոթները։ Սկսվել է մի գործընթաց, որը լի է աղետով։ Այս մասին սեպտեմբերի 7-ի քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը։

Նա նշել է, որ խաղաղության օրակարգը չպետք է հանգեցվի մշտական զիջումների, զիջումների, որոնք հետընթացի են տանում։ Գեւորգյանն անթույլատրելի է անվանել կարմիր գծերն անցնելը։

«Արցախը եւ Հայաստանն անվտանգության միասնական համակարգ են։ Արցախում անվտանգության խախտումն ազդում է Հայաստանում անվտանգության վրա, եւ հակառակը։ Ուստի Արցախի կորուստը սպառնալիք կստեղծի Հայաստանի համար»,- ավելացրել է նախկին պատգամավորը։

Նրա խոսքով՝ Արցախի կարեւորությունն Ադրբեջանի համար պայմանավորված է Սյունիք դուրս գալու եւ Թուրքիայի հետ կապ ստեղծելու ձգտմամբ։

«Արտաքին քաղաքականությունը սառը հաշվարկ է, չի կարելի տրվել հույզերին։ Աշխարհում հայերից բացի ո՞ւմ է պետք ուժեղ Հայաստանը։ Գործող իշխանությունը տապալել է արտաքին քաղաքականությունը»,- նշել է նա։