Նախագահը խախտել է Սահմանադրությունը, և իմփիչմենթ նախաձեռնելու պարտականություն կա։ Արդեն կա 80 ստորագրություն, այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն, հայտնում է Առաջին վրացական ալիքը։

Նրա խոսքով` պատգամավորների մեծամասնությունը միասնական է այս հարցում։ 

«Հիմա պետք է նոտարով հաստատենք, թե ով է ներկայացնում «Վրացական երազանքը» Սահմանադրական դատարանում։ Դրանից հետո դատավարական հանձնաժողովը կորոշի ստորագրությունների իսկությունը, և հայցը կներկայացվի Սահմանադրական դատարան։ Ինչ վերաբերում է քաղաքական, բարոյական ու իրավական կողմին, այստեղ իրավաբանորեն վիճելի բան չկա, Սահմանադրությունը խախտվել է։ Նախագահը, ով ասում է, որ Վրաստանն արժանի չէ այս կարգավիճակին, ինչպես անցյալ տարի, այնպես էլ այս տարի, չպետք է թույլտվություն խնդրի կառավարությունից՝ իր անունից երկիրն արտասահմանում ներկայացնելու համար: Սահմանադրությունն ասում է, որ դա կառավարության գործն է, ոչ թե իրենը»,- լրագրողներին ասել է Մամուկա Մդինարաձեն։

Պատգամավորը հավելել է, որ ընթացակարգային հարցերի խորհրդարանական հանձնաժողովը կստուգի պատգամավորների ստորագրությունների իսկությունը, որից հետո դրանք կուղարկվեն Վրաստանի Սահմանադրական դատարան։ Դատարանը մեկ ամիս ժամանակ կունենա դիմումը քննարկելու համար, որից հետո խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում պետք է քվեարկի իմփիչմենթի հարցով։

Սեպտեմբերի 1-ին Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարեց նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Պատճառը նրա այցն էր Եվրոպա՝ հանդիպելու ԵՄ երկրների ղեկավարների հետ, ինչը կառավարությունը նախկինում մերժել էր նրան։ Զուրաբիշվիլին խախտել է Վրաստանի Սահմանադրությունը, ըստ որի նախագահն արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն նախարարների կաբինետի համաձայնությամբ։