Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը վերակառուցման փուլում է: Աշխատանքները սկսվել են նախորդ տարի և ավարտին կհասցվեն 2025 թվականին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ծրագրի իրականացման համար Կառավարությունը հատկացրել է 2,5 մլրդ դրամ:
Արդիականացված ինֆեկցիոն կենտրոնը կնպաստի ինֆեկցիոն ծառայությունների որակի, մատչելիության, առողջապահական ցուցանիշների, բուժառուի և բուժաշխատողի անվտանգության բարելավմանը»,-գրել է նա:
Վարչապետին ուղեկցում է Երեւանի փոխքաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը, նաեւ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ով ներկայացրեց իրավիճակը կենտրոնում, իրականացվող ծրագրերը:
Հատկանշական է, որ վարչախպետին ուղեկցում էր նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը, որը դեռ այս տարվա մարտին կալանավորվել էր կորոնավիրուսի տարածման շրջանում ենթադրյալ չարաշահումների գործով:
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետևանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։
Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:





























