Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունն անցկացրեց իր երրորդ համագումարը, որի ժամանակ կուսակցության նախագահ ընտրվեց հանրապետության ներկայիս վարչապետ Արա Հարությունյանը։ Արա Հարությունյանը դադարեցրել էր իր գործունեությունը կուսակցության կազմում, քանի որ 2007 թվականին նշանակվել էր վարչապետի պաշտոնում, ինչից հետո հրաժարվել էր կուսակցության ղեկավարությունից՝ նպատակ ունենալով ավելի արդյունավետ կազմակերպել երկրի գործադիր մարմնի գործունեությունը։

Համագումարի ժամանակ, Արա Հարությունյանը թվարկեց այն քայլերը, որոնք իրականացրել է ԼՂՀ կառավարությունը նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում՝ «Ազատ հայրենիք» կուսակցության հետ համագործակցելով հասարակական, դեմոգրաֆիական, տնտեսական եւ կրթամշակութային ոլորտներում։

Նրա խոսքով` 2010 թվականին, Արցախի ոռոգվող հողամասերը կգերազանցեն 8 հազար հա: Կվերանորոգվեն հանրապետության ջրամբարները, ներառյալ ազատագրված տարածքներում:Վարչապետը նշել է, որ ԼՂՀ-ում գազաֆիկացվել է 70 տոկոս բնակակետեր, ինչը բարձր ցուցանիշ է՝ նույնիսկ համեմատած գազ արտահանող երկրների հետ:

Կառուցվում են նոր հիդրոէլեկտրոկայաններ, որոնց հետեւանքով մոտ ապագայում ԼՂՀ-ն էլեկտրոէներգետիկ ոլորտում կդառնա լիովին ինքնաբավ երկիր:

Արա Հարությունյանը նշել է նաեւ շինարարության, շինանյութի եւ լեռնաարդյունաբերական ոլորտների առաջընթացների վերաբերյալ: Վերջին երկու տարիների ընթացքում, օգտագործման են հանձնվել մի շարք վերանորոգված առողջապահական, կրթական եւ մշակութային օբյեկտներ, վերանորոգվում են բոլոր շրջանների ճանապարհները: Արա Հարությունյանը կանգնել է ագրարային համակարգի վրա, որտեղ ծրագրերի իրականցման համար կառավարությունը մեծ գումարներ է ներդնում:

Նա կուսակիցներին հասարակության եւ կառավարության հետ միասին կոչ է անում դժվարությունները հաղթահարելու համար ամեն ինչ նախաձեռնել, որպեսզի մոտակա 10 տարիների ընթացքում ԼՂՀ սոցիալ-տնտեսական ցուցանիշներով համեմատվի զարգացող երկրների հետ:

«Անվտանգության եւ լավ ապահովման համար մենք պետք է ուժեղ բանակ եւ տնտեսություն ունենանք»,- նշել է նա: