Ռուսաստանյան Sputnik Մոլդովա լրատվական գործակալության ղեկավար Վիտալի Դենիսովը, որը սեպտեմբերի 13-ին վտարվել  է Մոլդովայից, ենթադրաբար, ռուսաստանյան բանակի սպա է։ Այս պնդումն է պարունակվում The Insider-ի հետաքննության մեջ։

«Դենիսովը բավականին կողմնակի կապ ունի լրագրության հետ և, ենթադրաբար, 72-րդ հատուկ ծառայության կենտրոնի (զորամաս 54777) կադրային սպա է, որը, ելնելով ՊՀՎ-ի շահերից, զբաղվում է տեղեկատվական ներարկումներով և օտարերկրյա լսարանի ապատեղեկատվությամբ,- պնդում է The Insider-ը։

Հետաքննության տվյալներով՝ Դենիսովը ծնվել է այն ժամանակվա ուկրաինական ԽՍՀ-ի Անդրկարպատյան շրջանում, խորհրդային տարիներին սովորել է Լվովի բարձրագույն ռազմաքաղաքական դպրոցում (հետագայում դրա հիման վրա ստեղծվել է Ուկրաինայի ցամաքային զորքերի ակադեմիան):

1992 թվականին տեղափոխվել է Մոսկվա և եղել ՊՆ գլխավոր տպագիր օրգանի՝ «Կրասնայա Զվեզդա» թերթի աշխատակից։

2005 թվականին պաշտպանության նախարարությունից ստացել է գերատեսչական բնակարան, իսկ 2013 թվականի դրությամբ, աշխատել է Մոսկվայի մարզի գլխավոր քննչական վարչությունում։

Ինչպես հայտնում է The Insider-ը՝ հղում անելով ՊՆ-ի աղբյուրին, Դենիսովը Քննչական կոմիտեից տեղափոխվել է 72-րդ հատուկ ծառայության կենտրոն, որը զբաղվում է, մասնավորապես, արտասահմանյան լսարանում կեղծ տեղեկություններ տարածելու մեջ։

Ենթադրվում է նաև, որ 2016 թվականին Դենիսովին շնորհվել է գնդապետի կոչում։ 2019 թվականից նա գլխավորել է Sputnik-ը մասամբ ճանաչված Հարավային Օսիայում, ապա՝ Ադրբեջանում, իսկ 2022 թվականից՝ Մոլդովայում։