Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ Կրեմլը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հնարավոր հիվանդության մասին տեղեկություն չունի, ինչպես նաեւ հերքել է տեղեկություններն այն մասին, որ Կադիրովն իբր հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ տարբեր թելեգրամ-ալիքներում չհաստատված տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Կադիրովն իբր գիշերը մահացել է ՌԴ նախագահի գործերի վարչության Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում։ Մինչ այդ ակտիվորեն լուրեր էին պտտվում նրա ծանր հիվանդության մասին։ Այս համատեքստում Կադիրովը կիրակի հրապարակել է իր զբոսանքի տեսանյութը եւ նրանց, ովքեր չեն կարողանում ճշմարտությունը տարբերել ստից, առաջարկել է զբոսնել մաքուր օդում։

«Մենք որեւէ տեղեկություն չունենք։ Համենայն դեպս, նախագահի աշխատակազմը հազիվ թե կարող է տեղեկություն տալ նրա առողջության մասին։ Ուստի մենք այստեղ ասելու բան չունենք»,- պատասխանել է Պեսկովը լրագրողների այն հարցին, թե որքանով է Կրեմլն անհանգստացած Կադիրովի վիճակով։

Բացի այդ, Պեսկովը մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ Կադիրովը իբր կիրակի Մոսկվա է թռել, որպեսզի, գուցե, հանդիպի Պուտինի հետ։

«Ոչ մի հանդիպում (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր- խմբ.) Պուտինի հետ չի եղել»,- պատասխանել է Պեսկովը։