Հայաստանում պարտադիր ավտոապահովագրության (ԱՊՊԱ) ոլորտում ավտոմեքենաների մոտ 35 տոկոսը ապահովագրված են «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությունում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Գրիգորյանը, հավելելով, որ իրենց ընկերությունում աշխատում է շուրջ 900 մարդ:
«Մենք շուկայում գտնվում ենք առաջին տեղում: Երկրորդ տեղում «Ինգո Արմենիա» ընկերությունն է, որը, եթե չեմ սխալվում, շուկայում 16-17 տոկոս ունի»,- ասաց նա ու հավելեց, որ ԱՊՊԱ-ի ներդրման արդյունքում շուրջ 400 հազար ավտոսեփականատերեր հարաբերություններ ստեղծեցին ապահովագրող ընկերությունների հետ: «Մեր հաշվարկներով, մինչեւ տարվա վերջ, ապահովագրական ընկերությունները կսպասարկեն 26-30 հազար վթար»,- ասաց նա:
NEWS.am-ի հարցին, թե արդյոք բարձր չե՞ն ապահովագրավճարներ, որի մասին բարձրաձայնում են մի շարք տնտեսագետներ, նա պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ ապահովագրավճարները բարձր չեն, քանի որ մենք ապահովագրական շուկայի մասնակիցներն ենք եւ դժվար կլիներ պատկերացնել, որ մենք այլ կարծիք ունենայինք: Իհարկե, մենք մեր բիզնեսի շահերը պիտի պաշտպանենք, բայց մենք նաեւ ընդունում ենք այն կարծիքը, որ այսօրվա դրությամբ վնասաբերությունը շատ բարձր չէ եւ մենք կունենանք մեծ շահույթ: Մեր առաջարկությունն է սպասել մինչեւ տարվա վերջ եւ ամփոփել բոլոր թվերը: Համաշխարհային պատմության պրակտիկայում չկա մի դեպք, որ 6-7 ամիս հետո ինչ-որ բան ամփոփեն, հատկապես ապահովագրական շուկայում: Իրավիճակը պատկերացնելու համար պետք է անցնի 2-3 տարի: Բայց անգամ հիմա մենք չենք համարում, որ գները բարձր են»:
Ընկերության տնօրենն առաջարկեց դիմել լուրջ միջազգային կազմակերպությունների, որ գան, աուդիտ անցկացնեն եւ որոշեն գները բա՞րձր են, թե՝ ցածր: «Մենք դրան էլ ենք պատրաստ: Թող ուսումնասիրեն վթարների աճման դինամիկան, բժշկական ծառայությունների, մեքենայի ավտոպահեստամասերի գների աճը եւ վեր հանեն ճշմարտությունը: Մեր հարցումների արդյունքում, ավտոսեփականատերերի 80 տոկոսը այս գործընթացից գոհ է եւ մարդկանց մոտ չկա կարծիք, որ գները բարձր են»,- ընդգծեց նա:
Հարցին, թե ԱՊՊԱ-ի կիրառումից հետո, վթարները չեն ավելացե՞լ, Գագիկ Գրիգորյանը պատասխանեց. «Իհարկե չեն ավելացել: Ո՞ր մի նորմալ մարդը կտանի իր գույքը վթարի կենթարկի: Պարզապես ԱՊՊԱ-ն մի կարեւոր գործառույթ կատարեց. նա բոլոր տվյալները ստվերից հանեց մաքուր դաշտ»:
Նա անդրադարձավ նաեւ ապահովագրական ընկերությունների աշխատակիցների կողմից դեպքի վայր ուշացումով ժամանելու խնդրին, նշելով. «Այդ առումով կա օրենքով հստակ ամրագրված ժամկետ: Երեւանում դա 35 րոպե է, իսկ հեռավոր վայրերում, մինչեւ 80 րոպե: Եթե այդ ընթացքում ապահովագրական ընկերության ներկայացուցիչը չի գալիս, ավտոսեփականատերերն իրավունք ունեն թողնել դեպքի վայրը, հետո ներկայացնել փաստաթղթեր ապահովագրական ընկերություն: Երկրորդ. եթե չկան մարմնական վնասվածքներ, ավտովթարի մասնակիցները երկուսն են եւ վնասի չի գերազանցում 200 հազար դրամը, ապա նրանք կարող են առանց ապահովագրական ընկերության ներկայացուցչի երկկողմանի համաձայնագիր լրացնեն, հետո ներկայանան ապահովագրական ընկերություն եւ ստանան հատուցում: Սա բոլորիս համար նոր գործընթաց է եւ տարիների հետ, թերությունները շտկվելու են: Բոլոր դեպքերում, այս օրենքի դրական կողմերն ավելի շատ են, քան բացասականները: Սա նորմալ, քաղաքակիրթ հարաբերություններ են ստեղծում հասարակության մեջ»:
Ինչ վերաբերում է ստացվող բողոքներին, Գագիկ Գրիգորյանն ասաց. «Ոչ մի ապահովագրական ընկերություն շահագրգռված չէ, որ դժգոհությունների ու քաշքշուկների առիթ ստեղծի, որովհետեւ սա մեր բիզնեսն է եւ մեր շահերից է բխում աշխատել արագ եւ մարդկանց փոխհատուցումը վճարել: Ի դեպ, ԱԺ-ում լսումների ժամանակ մեր բյուրոյի տնօրենը նշեց, որ 6-7 ամսվա տվյալներով, արդեն 15 հազարից ավելի ապահովագրական դեպքեր են եղել եւ ընդամենը 12-13 դատական գործընթացներ են գրանցվել, ինչը շատ քիչ է: Ընդ որում, մեր ընկերությունը չունի ոչ մի դատական դեպք»:
Անդրադառնալով ապահովագրության այլ տեսակներին, տնօրենը նշեց. «Եթե վերցնենք գումարային առումով, Հայաստանում երկրորդ տեղում գույքային ապահովագրությունն է, իսկ եթե վերցնենք քանակական առումով, երկրորդ տեղում արտասահման մեկնողների ապահովագրությունն է, որը պահանջում են դեսպանատները»:
Նրա խոսքով, ապահովագրության մյուս ոոլորտներում, այնքան էլ ակտիվություն չկա, քանի որ աշխարհի բոլոր երկրներում էլ ապահովագրությունն ավելի մեծ վստահություն է ձեռք բերում պարտադիր ապահովագրությունների միջոցով:



























