Համաշխարհային բանկի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա (ԵԿԱ) տարածաշրջանի` Աղքատության կրճատման եւ տնտեսական կառավարման ստորաբաժանումը ներկայացրել է «Հայաստան` պետական ծախսերի ուսումնասիրություն. հարկաբյուջետային կոնսոլիադացում եւ վերականգնում» զեկույցը: Այն ներկայում գտնվում է քննարկումների փուլում:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի` սա Հայաստանի վերաբերյալ նմանատիպ երկրորդ զեկույցն է: Առաջինը կազմվել էր 2000-ական թ.թ. սկզբին, եւ այն ժամանակ էական ազդեցություն թողեց Հայաստանի հարկաբյուջետային քաղաքականության վրա:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԲ ներկայացուցիչ Իվոն Թիկատան նշեց, որ չնայած ծանր ճգնաժամին, Հայաստանի դիրքը բավականին կայուն եւ ամուր է: «Սա Հայաստանի կառավարությանը հնարավորություն տվեց ներդնել ֆիսկալ մի փաթեթ, որը խթանեց տնտեսությունը: Զեկույցի նպատակն է` շարունակել այս ջանքերը, որպեսզի երկիրը պատրաստ լինի հնարավոր նոր ճգնաժամերին»,- ասաց Ի. Թիկատան: