Հանրապետական կուսակցության գերխնդիրն է նախագահական ընտրություններում ապահովել կուսակցության թեկնածուի` նախագահ Սերժ Սարգսյանի հաղթանակը: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր Գագիկ Մելիքյանը:

Հանրապետական պատգամավորը ողջունել է Հայ ազգային կոնգրեսի որոշումը` հրաժարվել արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններից: Անդրադառնալով կոնգրեսի նոր` Սերժ Սարգսյանի անհապաղ հրաժարականի պահանջին, Գագիկ Մելիքյանը նկատել է, թե դրա հիմքերը բոլորովին չկան, եւ ՀԱԿ-ն առաջիկայում կհրաժարվի նաեւ այդ պահանջից:

«Այն պահանջները, որ դրվել են ՀԱԿ-ի կողմից, ընդունելի չեն իշխանությունների համար: Կարծում եմ` երկխոսության շարունակությանը գնալու համար իրենք կհրաժարվեն նաեւ նախագահի հրաժարականի պահանջից, եւ հաջորդ քայլը կլինի արդեն երկխոսության վերսկսումը»,- ասել է Մելիքյանը: 

Հանրապետական պատգամավորը նկատել է, թե կցանկանար, որ քաղաքական դաշտում մնային ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն: «Խորհրդարանական կանցնի նաեւ Հայ ազգային կոնգրեսը, եթե լավ աշխատի»,- ասել է Մելիքյանը: