«Ցավում եմ, որ պարոն Սեմնեբին նման կերպ է մոտենում Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրներին` յուրովի տարանջատելով հեշտն ու դժվարը: Շրջանցելով ԼՂ կարգավիճակին առնչվող հարցերը՝ անհնար է հասնել հիմնախնդրի կարգավորմանը»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի՝ «Время Новостей» թերթին հայտնած կարծիքը:
Ինչպես արդեն նշվել է, եվրոպացի դիվանագետը հայտարարել էր, թե Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է, որ ղարաբաղյան հակամարտության մեջ ստատուս-քվոն չի կարող երկար պահպանվել, իսկ ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծումը հետաձգվում է անորոշ ժամանակով:
«Համոզված եմ, որ վերընթերցելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի մյուս հիմնարար փաստաթղթերը, պարոն Սեմնեբին կգիտակցի, որ ժողովրդի կամքի ազատ արտահայտությամբ ընտրված կարգավիճակը չի կարող հետաձգվել անորոշ ժամկետով: Առավել եւս չի կարող հետաձգվել հանուն առկա ստատուս քվոյի փոփոխության, որը Ադրբեջանի կողմից ինքնորորշված ժողովրդի դեմ էթնիկական զտումների իրականացման եւ ինքնորոշված պետության դեմ ռազմական ագրեսիայի ծավալմանը հակազդելու արդյունք է: Նման մոտեցումը փաստացի նշանակում է այսօր նույնպես ուժային դիրքերից եւ ռազմական հռետորությամբ հանդես եկող Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների խրախուսում»,- հայտարարել է Քոչարյանը:



























