Բեռն կատարած աշխատանքային այցի ընթացքում հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Իրանի եւ Քուվեյթի խորհրդարանների նախագահների  հետ:

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Այս մասին Շվեյցարիա կատարած իր այցի շրջանակներում, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հ. Աբրահամյանի համոզմամբ` երկու երկրների ջերմ հարաբերությունների ձեւավորմանը մեծապես նպաստում է նաեւ Հայաստանի եւ Իրանի օրենսդիր մարմինների համագործակցությունը: Այս համատեքստում կարեւորվել է երկու խորհրդարաններում ստեղծված բարեկամության խմբերի գործունեությունը, ինչը նոր լիցք է հաղորդում միջխորհրդարանական կապերին:

Ալի Լարիջանին ուրախությամբ փաստել է, որ Հայաստան կատարած իր պաշտոնական այցից հետո բավականին ակտիվացել է ինչպես միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ երկկողմ գործակցությունը տարբեր ուղղություններով, իրականացվում են այցի ընթացքում ձեռք բերված մի շարք տնտեսական ծրագրեր եւ պայմանավորվածություններ: Կողմերի համոզմամբ` երկու երկրների համագործակցությունը զգալի ներուժ ունի նաեւ տնտեսական բնագավառում:

Հանդիպման ընթացքում երկու խորհրդարանների նախագահները քննարկեցին նաեւ տարածաշրջանային զարգացումները, անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, հայ-թուրքական հարաբերություններին, կարեւորեցին տարածարջանային կայունությունը, խաղաղությունը եւ անվտանգությունը:

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քուվեյթի խորհրդարանի նախագահ Ջասեմ Մուհամմադ Ալ-Խարաֆիի հետ:

ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւորում է  արաբական երկրների, այդ թվում նաեւ Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը: Նրա խոսքով` երկու ժողովուրդները միմյանց շաղկապված են դարերի պատմություն ունեցող բարեկամությամբ, որը հիմք է հանդիսանում միջպետական հարաբերությունների դինամիկ զարգացման համար, ինչի վառ օրինակն է  Քուվեյթում գործող ՀՀ դեսպանությունը, որը կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը եւ ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում:

Քուվեյթի խորհրդարանի նախագահը նույնպես կարեւորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը երկու երկրների հարաբերությունները ամրապնդելու գործում: Նա Հովիկ Աբրահամյանին պաշտոնական այցով հրավիրել է Քուվեյթ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ այլ հարցերի, կարեւորել առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, կոնկրետ ծրագրերի իրականացումը` փաստելով, որ առկա է չօգտագործված մեծ ներուժ: