Հայաստանում նկատվող փոխարժեքի տատանումները հիմնված են ոչ թե խորքային տնտեսական գործոնների վրա, այլ բացասական սպասումների և խուճապի վրա, սակայն եթե դրամի կտրուկ արժեզրկումը խորանար, իրական սպառնալիքներ կարող էին առաջանալ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական գիտությունների դոկտոր Կարեն Ադոնցը։
Նա պարզաբանեց, որ դրամի կտրուկ արժեզրկումը պայմանավորված է խուճապով, ինչպես նաև Արցախից հարկադիր վերաբնակների մեծ հոսքով, որոնք իրենց հետ բերել են մեծ քանակությամբ դրամ և կտրուկ մեծացրել փողի ծավալը՝ ավելացնելով նաև արտարժույթի պահանջարկը։
«Բացի այդ, բացասական ակնկալիքներ են ձևավորվել նաև Վերխնի Լարսի անցակետում հայկական կոնյակներով բեռնատարների ուշացման ֆոնին»,- նշել է Ադոնցը։
ՀՀ Կենտրոնական բանկն ուշացել է իր գործողություններում, սակայն փորձագետը կարծում է, որ խնդիրը դեռ կլուծվի, հատկապես, եթե լուծվեն տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Արամ Դանիելյան




























