Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ նոր մեղադրանքներ են առաջադրվել 2007 թվականի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով, հաղորդում է BFMTV-ն։

Հեռուստաալիքի տվյալներով, հետաքննիչ դատավորները նախկին նախագահին կասկածում են «վկայի ենթակա դիրքի մասին տեղեկությունը թաքցնելու» և «հանցավոր խմբի կազմում դատական ​​խարդախություն կատարելու նպատակով հանցավոր դավադրության մեջ»։ Բացի Սարկոզիից, քննիչները դավադրության մեջ ներգրավված են  համարում  ինը այլ անձանց, այդ թվում՝ պապարացի Միմի Մարշանին, միջնորդ ծառայությունների մասնագետ Նոել Դյուբյուսին, որն արդեն դատապարտվել է խարդախության համար և Onepoint խորհրդատվական ընկերության ղեկավար Դավիդ Լայանիին։

Նոր հետաքննության համար մեկնարկային կետ է դարձել 2020 թվականին ֆրանս-լիբանանցի գործարար Զիյադ Թաքիեդդինի   հարցազրույցը, որի ժամանակ  նա հրաժարվել է իր նախկին ցուցմունքից և պնդել, որ ինքը Սարկոզիին երբեք չի հանձնել 5 միլիոն եվրո պարունակող ճամպրուկներ, և որ ցուցմունքը տվել է դատավորի ճնշման տակ։ Այնուհետև, 2021 թվականի առաջին կեսին, մեղադրյալներից ոմանք, իբր, փորձել են ապացույցներ ձեռք բերել, որ 2012 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին ֆրանսիական Mediapart գործակալության հրապարակած փաստաթուղթը, որը վերաբերում էր մինչև 50 միլիոն եվրոյի ֆինանսավորմանը, կեղծ է եղել։  Պնդում են նաև, որ ութ հոգի, իբր, ճնշում են գործադրել Թաքիեդդինի վրա, որպեսզի համոզեն նրան հրաժարվել իր նախնական ցուցմունքից:

Բացի այդ, Սարկոզիին տրվել է կասկածյալ վկայի կարգավիճակ՝ «ակտիվ կոռուպցիայի իրականացման նպատակով հանցավոր դավադրության» մեղադրանքով։ Դա կապված է Լիբանանում կալանավորված  Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդու ազատ արձակման նպատակով երկրի դատական ​​համակարգի աշխատակիցներին կաշառք տալու փորձի կասկածի հետ,  որպեսզի նրա ընտանիքը նպաստի Սարկոզիի արդարացմանը։ Քննիչների գնահատմամբ, խարդախությունը, որի համար մեղադրվում են գործով անցնող անձինք, կարող էր նրանց վրա արժենալ 608 հազար եվրո։

Մինչ մեղադրանքի առաջադրումը, պետության նախկին ղեկավարը երեք օրվա ընթացքում կանչվել է դատարան հարցաքննության, որտեղ ընդհանուր առմամբ մոտ 30 ժամ պատասխանել է քննիչների հարցերին։