ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակման պատճառներից մեկը կարող է լինել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների հնարավոր կարգավորմանը խոչընդոտելը։

«Զարմանալի չէ, որ դրդապատճառի մի մասը կարող էր լինել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի, ինչպես նաև  Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացմամբ շահագրգռված այլ երկրների, մերձեցման ջանքերին վնասելը», - ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում:

ՀԱՄԱՍ-ը շաբաթ օրը հայտարարել էր, որ հարձակումը պայմանավորված է եղել Հորդանան գետի Արևմտյան ափում, Երուսաղեմում և   իսրայելական բանտերում պաղեստինցիների դեմ Իսրայելի  հարձակումների ահագնացմամբ:

ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիան ընդգծել է  Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի սպառնալիքները, Իսրայելի կողմից Գազայի շրջափակման շարունակումը և տարածաշրջանի երկրների հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն անցյալ ամիս հայտարարել էր, որ իր կարծիքով,  իր երկիրը Սաուդյան Արաբիայի հետ խաղաղության շեմին է՝ կանխատեսելով, որ դա կարող է փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Սաուդյան Արաբիան երկար ժամանակ պնդել է պաղեստինցիների պետականության իրավունքը՝ որպես Իսրայելի ճանաչման պայման, ինչին Նաթանյահուի ազգայնական կրոնական կոալիցիայի շատ անդամներ երկար ժամանակ դիմադրել են: